Արցախից տեղահանված ևս մեկ ընտանիքում երեխա է ծնվել (լուսանկարներ)
24-ամյա Մերի Աղաբեկյանը հղիության վերջին օրերեին գրեթե 30 ժամ հոգեբանական և ֆիզիկական դժվարություններով իր մեծ ընտանիքի հետ միասին թողեց հարազատ հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան:
Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` թերսնուցման պատճառով Մերին ուներ մի շարք խնդիրներ:
Ծանր սակավարյունությամբ (անեմիա) Մերի Աղաբեկյանն ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ, և մանկաբարձ-գինեկոլոգ Արաքսյա Հակոբյանի հոգածությամբ` կինը փորձել է ծննդաբերել, սակայն առկա անեմիան արդեն վնասել էր նաև պտղին: Ծննդաբերության ժամանակ պտղի մոտ առկա քրոնիկ թթվածնաքաղցի սրացման պատճառով որոշում է կայացվել անցնել կեսարյան հատման:
Արդյունքում ծնվեց 2.500 գրամ քաշով և 48սմ. հասակով Դանիել Մուրադյանը:
Սակայն առկա ծանր անեմիան հաղթահարելու համար կնոջը երկու փաթեթ էրիթրոցիտրալ զանգված է փոխներարկվել, որի արդյունքում արյան տոկոսն աստիճանաբար բարձրացավ:
Փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Սոնա Վարդանյանը, ում գնահատմամբ` Դանիելն իրեն արդեն հրաշալի է զգում:
11 օր «Շենգավիթ» ԲԿ-ում անցկացնելուց և լիովին կազդուրվելուց հետո Մերին և որդին գնացին իրենց նոր տուն` նոր էջից սկսելու, հայրենիքի կարոտով, բայց արցախցուն հատուկ ոժով նոր կյանք սկսելու: