Արթուր Չախոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
2023 թվականի հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։
Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է, ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:
Առաջին հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:
Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին ներգրավված բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։