Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները համարել է պատասխան «վերջին ամիսներին պաղեստինի ժողովրդի դեմ» Իսրայելի գործողություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին Աբդոլլահիանը հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։
«Այն, ինչ (խմբ․՝ պաղեստինյան) դիմադրությունն անում է այսօր, (խմբ․ Իսրայելի վարչապետ Բենյամին) Նեթանյահուի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջին ամիսներին պաղեստինցի ժողովրդի դեմ ծայրահեղ և անմարդկային գործողությունների պատասխանն է», - ասել է Աբդոլլահիանը։
Նա նաև արևմտյան երկրներին մեղադրել է «պաղեստինցիների դեմ իսրայելական իշխանությունների համակարգված հանցագործությունների նկատմամբ» անտարբերության մեջ։
Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել պաղեստինցիների իրավունքները:
Ըստ հրապարակման՝ Բորելն էլ իր տեսակետներն է հայտնել Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների մասին՝ նշելով, որ ժամանակն է մտածել խաղաղություն հաստատելու մասին։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը և նրա կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում զոհերի թիվը հասել է 1600-ի, վիրավորների թիվը գերազանցել է 6400-ը։