Երևանի քաղաքապետի «ընտրությունն» ակնհայտորեն խոսում է ստվերային պայմանավորվածության և գործարքների մասին. Փոստանջյան
Սխալ է ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ, որովհետև ակնհայտ է, որ նա չի ընտրվել։ Միանշանակ է, որ այդ քեմալական պայմանագիրը և նրանց ներկայացուցիչները Երևան քաղաքում չեն ստացել ընտրվելու քվե, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Զարուհի Փոստանջյանը։
Փոստանջյանը վստահեցրեց՝ այսօր Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը և քաղաքապետի ընտրությունը տեղի է ունեցել ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։
«Այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 17-ից հետո, միանշանակ, խոսում են ստվերային պայմանավորվածությունների և, իհարկե, գործարքների մասին», - ասաց նա։
Դիտարկմանը՝ այսինքն՝ ենթադրելի է, որ «Հանրային ձայն» կուսակցության անդամների նկատմամբ քրեական հետանպնդումը կդադարեցվի՞, Փոստանջյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ ազատ արձակվեն, ես կողմ եմ, որ մարդիկ չլինեն հանիրավի բանտերում, բայց դա նույնիսկ չի ապահովագրում, որ նրանց բաց չեն թողնի և նորից կալանավորեն։ Հասկանում եք չէ՞՝ ռեժիմ է գործում, հետևաբար, ընդհակառակը՝ քաղցկեղի դեմ չեն պայքարում այդ կերպ», - ասաց նա։
Իսկ հարցին, թե «Մայր Հայաստան» դաշինքն ի՞նչ որոշում ունի, կգնա՞ արդյոք հետագա նիստերին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա. «Ժամանակն ամեն հարցի պատասխանը կտա, այսօր օրակարգում բացարձակ այլ հարցեր են»։
Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արտակ Գալստյանի, ինչպես նաև կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:
Կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։