Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր կնքեցին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հուշագիր են կնքել: Այս մասին հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները որոշել են հուշագիր կնքել՝ հաշվի առնելով Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և 2023-ի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորված «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ, նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասաց Ավինյանը՝ ներկայացնելով հուշագրի տեքստը: