Իսրայելում և Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1600-ի
Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում զոհերի թիվը հասել է 1600-ի, վիրավորների թիվը գերազանցել է 6400-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) հրապարակած վերջին տեղեկություններից։
Հոկտեմբերի 9-ի երեկոյան տվյալների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում, ընդհանուր առմամբ, զոհվել է ավելի քան 900 մարդ, որոնց թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ: Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 2616 մարդ վիրավորվել է։
Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 687 պաղեստինցի, ևս 3800 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 17 պաղեստինցի, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 295 մարդ։
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային տեղահանումները շարունակվել են, տեղահանվածների թիվը հասել է 187 518-ի, սակայն ակնկալվում է, որ այս թիվը կաճի։
Գերի վերցվածների մասին տեղեկությունները տարբեր են։ Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 50 հոգու։ Մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ գերի է վերցրել և Գազա տեղափոխել շուրջ 150 մարդու։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը և նրա կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։