Միջազգային հանրությունը թույլ է տվել, որ մարդասիրական այս աղետը հասնի իր հանգուցալուծմանը․ հայ համայնքի ներկայացուցիչը՝ Կատալոնիայի խորհրդարանին
Կատալոնիայի խորհրդարանում հոկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումների ժամանակ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լևոն Գրիգորյանը Կատալոնիայի խորհրդարանի արտաքին գործողությունների, Եվրոպական միության և համագործակցության հանձնաժողովի առջև ելույթ է ունեցել որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ։
Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրեթե տասը ամիսների շրջափակումը, այնտեղ ապրող հայերի համար ստեղծված ծանր իրավիճակը, դրան հաջորդող էթնիկ զտումը՝ շեշտելով, որ «միջազգային հանրությունը դավաճանել է» Լեռնային Ղարաբաղի հայերին։
Լևոն Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում իրական հումանիտար ճգնաժամ է ծավալվում և ընդգծել, որ էթնիկ զտումներն «ինքնին վիրավորանք են մարդկային արժանապատվության դեմ»։
«Որպես եվրոպական քաղաքացի՝ ինձ համար ցնցող է, որ այնպիսի երկրների իշխանությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, և այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպական միությունը կամ ՄԱԿ-ը, վճռական միջոցներ չեն ձեռնարկել այս ողբերգությունը դադարեցնելու համար: Միջազգային հանրությունը թույլ է տվել, որ մարդասիրական այս աղետը հասնի իր հանգուցալուծմանը, այն է՝ էթնիկ զտումների», - շեշտել է Գրիգորյանը։
Նա նաև կարևորել է Կատալոնիայի խորհրդարանի կողմից հանրային լսումների ընթացքում այս հարցը բարձրաձայնելու պատրաստակամությունը։
«Նման ժամանակներում ես ճանաչում ճշմարիտ ընկերներիդ, և երբ հայ համայնքը ներկայում բախվել է ամենադժվարին պահերից մեկին, այս խորհրդարանի պատրաստակամությունը ցույց է տալիս նրա նվիրվածությունը խաղաղությանը, արդարությանը և մարդու իրավունքներին», - նշել է Գրիգորյանը:
Ի դեպ, առաջին անգամ է, որ Կատալոնիայի խորհրդարանի անդամներին է դիմել հայ համայնքի ներկայացուցիչ։