Ձեր քվեի պաշտպանությունը եղել է, կա և կմնա մեր հիմնական պարտականությունը. Ավինյանը ելույթը
Երևանի ավագանու՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս, բայց ընտրությունները տվեցին մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ և արձանագրեցին կարևոր իրողություններ: Այդ մասին Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
«Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերն այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվեները մի փոքր այլ կերպ բաշխվեին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսուն է նաև այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրությունները:
Ըստ Ավինյանի՝ էական խախտումների բացակայությունը 2018-ի թավշյա հեղափոխության արժեքներին՝ իր կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն է:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Հայաստան տեղափոխելու գործընթացին՝ Ավինյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը ներգրավված է պրոցեսում:
«Շատ խոսվեց ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Կարծում եմ՝ մեր քաղաքացիներն անցնող 5 տարվա ընթացքում համոզվել են, որ մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում:
Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների՝ ԼՂ-ից բռնի տեղահանվելը բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում, իսկ նոր ընտրություններն այս փուլում, համենայն դեպս, ոչնչով չէին նպաստելու դրան, ավելին՝ շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, որ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,- ասաց Ավինյանը:
Խոսքն ուղղելով ընտրության մասնակցած քաղաքացիներին՝ նա շնորհակալություն հայտնեց՝ անկախ իրենց կատարած ընտրությունից:
«Ձեր քվեի պաշտպանությունը եղել է, կա և կմնա մեր հիմնական պարտականությունը: Երևանին ու երանցիներին ծառայելը մեր նպատակն է, որակյալ ծառայություններ մատուցելը՝ մեր ամենօրյա խնդիրը, հետևաբար բոլորիդ աջակցությունն եմ հայցում Երևանը երևանցիների համար առավել հարմարավետ և հասանելի դարձնելու գործում»,- ասաց նա: