Կդառնա՞ Արտակ Զեյնալյանը ԲԴԽ անդամ. ՀՐԱՊԱՐԱԿ
Վաղը` Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստում քաղաքապետ կընտրի։ Սա նորանկախ Հայաստանի պատմության առաջին դեպքն է, երբ մայրաքաղաքի ընտրապայքարին մասնակցող ուժերից և ոչ մեկը ընտրությունների արդյունքում չի ստացել 65 մանդատների 50%-ից ավելին։ Այսինքն, չունի բացարձակ մեծամասնություն, որպեսզի ինքնուրույնաբար քաղաքապետ ընտրի, իշխանություն ձեւավորի: Եթե նախորդ ընտրություններում ավագանու մանդատների կեսից ավելին ստացած քաղաքական ուժի համամասնական ցուցակի առաջին համարը իրավունքի ուժով քաղաքապետ էր դառնում, ապա այս տարի Երևանի քաղաքապետին առաջին անգամ նոր ձևավորված ավագանին է ընտրելու: Ընդ որում` երկրորդ քվեարկությունը կատարվելու է փակ։
Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկայանում է առնվազն 33 անդամ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել էր ավելի քան հինգ ուժ: Իշխող ՔՊ-ն չէր կարողացել հավաքել էր խայտառակ քիչ ձայներ, իսկ ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանը, Հայկ Մարությանը և Վարդան Ղուկասյանը, եթե մի կողմ թողնեին քաղաքական տարաձայնությունները և կազմեին կոալիցիա, ապա Երևանում քաղաքապետ կընտրվեր ընդդիմադիրներից մեկն, այլ ոչ թե ՔՊ-ական Ավինյանը: Թե ովքեր կմասնակցեն վաղը Երևանի քաղաքապետարանի անդրանիկ նիստին, քվորում կլինի՞, թե ոչ եւ մայրաքաղաքը վաղը կունենա՞ նորընտիր քաղաքապետ, սա հարցի մյուս կողմն է:
Մենք տեղեկացանք, որ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որն այս պարագայում ՔՊ-ի փրկօղակն է դառնալու, բնականաբար` ընտրելու է Ավինյանին: Ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արտակ Զեյնալյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար է աշխատել, ապա հրաժարական տվել եւ այժմ զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, նոր պաշտոն կստանա: Լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանն ուզում է դատական համակարգի մարմիններից մեկում` Սահմանադրական դատարանում կամ Բարձրագույն Դատական խորհրդում պաշտոն զբաղեցնել: Քանի որ ՍԴ-ում թափուր տեղ չկա, իսկ ԲԴԽ-ում շուտով թափուր տեղ է առաջանալու` ԲԴԽ-ից շուտով հեռանում է դատավոր Նաիրա Հովսեփյանը, ենթադրվում է, որ այդ տեղը կզբաղեցնի Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանը «Հրապարակի» հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր տեղեկություններն, ասելով, թե իրեն դեռևս նման առաջարկ չեն արել: Հարցին, իսկ կհամաձայնե՞ք դառնալ ԲԴԽ անդամ` եթե լինի առաջարկ, նա հարցին չտվեց որևէ հստակ պատասխան, ասելով. «Ոչ մի նման առաջարկ չեմ ստացել: Վաղը ընտրությունները կլինեն, պարզ կլինի: Վաղը տեսնենք կլինի՞ քվորում, դրանով է պայմանավորված: Եկեք չարագացնենք, վաղը ես գնալու եմ ավագանի, դառնամ ավագանու անդամ: ԲԴԽ-ում հիմա ազատ տեղ չկա, առաջարկ չեմ ստացել», - ասաց նա:
Նշենք, որ Երևանի ավագանու անդամությունն, ըստ օրենքի` խոչընդող չէ համատեղության այլ պաշտոն զբաղեցնելու համար, չնայած ԲԴԽ անդամ լինելը քաղաքական չեզոքություն է պահանջում, ուստի որեւէ կուսակցությանն անդամակցումը պետք է դադարեցվի: