Իրանի դեմ ցանկացած գործողություն «կարժանանա կործանարար պատասխանի»․ Նասեր Քանաանի
Իրանը կպատասխանի պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած անմիտ գործողություն կհանդիպի կործանարար պատասխանի»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն Իրանի ենթադրյալ աջակցության հետ։
«Իրանի դերի վերաբերյալ հարցերի բարձրացումն ուղղված է հասարակայնության ուշադրությունը շեղելուն և իրենց հնարավոր գործողությունների արդարացմանը»,- հավելել է նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Իրանը ձգտում է համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ, Քանաանին հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդն ինքն է որոշում ընդունում ընթացիկ իրադրության վերաբերյալ»:
«Մենք որոշումներ չենք կայացնում տարածաշրջանում որևիցե կողմի, ներառյալ՝ պաղեստինցիների փոխարեն»,- ընդգծել է նա։
Իրանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Թեհրանի ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի իսլամական երկրներն աջակցեն պաղեստինցի ժողովրդին: