Իշխանությունը փորձում է 8 գյուղերը հանձնել` դրա դիմաց «խաղաղություն» խոստանալով. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները կիրառում են մասսայական ճնշումներ առաջին հերթին այդ իշխանությունը պահելու համար, այդ թվում տարբեր գործիչների անազատության մեջ պահելու գնով։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում:
Ըստ նրա՝ այս գործելաոճը շարունակվելու է, քանի դեռ նրանք իշխանության են։
Խոսելով արտաքին մարտահրավերներից ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային գործընթացներից, Աբրահամյանն ընդգծեց, որ իշխանությունը փակել է ցանկացած մանևրի հնարավորությունը՝ տարբեր միջազգային հարթակներում հանդես գալով միակողմանի զիջումների օրակարգով։
«Այս իշխանությունները բանակցությունների են գնում ոչ թե հայկական շահերը ներկայացնելու, այլ առաջնորդվում են ադրբեջանական օրակարգով։ Այս փուլում իշխանությունը փորձում է հասնել «անկլավներ» անունը ստացած 8 գյուղերի հանձմանը։ Այն քառակուսի կիլոմետերը, որը ճանաչել է Նիկոլ Փաշինյանը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառում էր և՛ ԼՂ-ն, և՛ այդ 8 գյուղերը։ Ընդ որում, այդ գյուղերի դեպքում չկան փաստաթղթային հիմքեր, որոնք կապացուցեն, որ դրանք եղել են Ադրբեջանի կազմում կամ որևէ փաստաթղթով փոխանցվել են Ադրբեջանին»,- ասաց Աբրահամյանը: