Զելենսկին քննադատել է Իրանին՝ Ուկրաինայի և Իսրայելի հակամարտությունների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Համասի հարձակումն Իսրայելի վրա կապել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետ և քննադատել է Իրանին երկու հակամարտությունների համար:
«Միակ տարբերությունն այն է, որ կա ահաբեկչական կազմակերպություն, որը հարձակվել է Իսրայելի վրա և ահաբեկչական պետություն, որը հարձակվել է Ուկրաինայի վրա: Հայտարարված մտադրությունները տարբեր են, բայց էությունը նույնն է»,- ասել է Զելենսկին Կոպենհագենում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում տեսահոլովակի միջոցով։
«Իրանը չի կարող ասել, որ կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, եթե Ռուսաստանին «Շահեդներ» (անօդաչու սարքեր) է վաճառում: Իրանը չի կարող ասել, որ կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Իսրայելում, եթե իր պաշտոնյաները հայտարարում են, որ սատարում են այն, ինչ կատարվում է Իսրայելում», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ոչ մի ապացույց չկա, որ Իրանը կանգնած է Իսրայելի վրա վերջին հարձակումների հետևում, սակայն նշել է, որ Թեհրանի և Համասի միջև երկարատև կապեր կան:
Զելենսկին կոչ է արել Արևմուտքին միավորվել. «Այժմ միջազգային ասպարեզից ներքին վեճերի մեջ նահանջելու ժամանակը չէ։ Մեկուսանալու ժամանակը չէ։ Ժամանակը չէ լռելու կամ ձևացնելու, թե մեկ մայրցամաքում ահաբեկչությունը չի ազդում համաշխարհային գործերի վրա», - ասել է Զելենսկին։