Պետք է ապահովել ԼՂ հայերի իրավունքները. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հստակ արձանագրի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը, Մոսկվան այդ առումով գաղափարներ է ներկայացրել կողմերին։
Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման «ճանապարհային այն քարտեզի» բաղկացուցիչ գլխավոր մասերից մեկն է, որն ընտրվել է ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից։
Գալուզինը նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է եղել և պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին, որպեսզի փոխշահավետ փաստաթուղթ մշակվի, որն իսկապես կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորման երաշխիք կլինի
«Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ ամրագրելու անհրաժեշտությունից և կողմերին որոշակի գաղափարներ ենք ներկայացրել այդ կապակցությամբ։ Հուսով ենք, որ դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի մեր կարծիքն այն մասին, որ մեխանիզմներ են անհրաժեշտ ստորագրած խաղաղության պայմանագրի հետագա իրագործումն ապահովելու համար։ Այնպիսի մեխանիզմ, որը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։
Մեկնաբանելով վերջին իրադարձություններն ու ԼՂ-ում տիրող իրավիճակը` փոխնախարարը նշել է, որ սեպտեմբերի 20-ին մարտական գործողությունների դադարեցումը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, որոնք Ղարաբաղում տեղակայվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։
«Այսինքն` երբ այսօր չկան մարտական գործողություններ, դա մեծապես Ռուսաստանի և խաղաղապահ զորախմբի շնորհիվ է։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ հակամարտային իրավիճակում դեռ վերջակետ չի դրվել։ Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների արդիականությունը պահպանվում է», - ասել է Գալուզինը։