ԵՄ-ն այնքան մտահոգ չէ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, որքան նրանով, որ դուրս մղի Ռուսաստանին. ՌԴ ԱԳՆ
Եվրամիությունը մտահոգ է ոչ թե Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նրանով, որ տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«...Եվ սրա մեջ եմ տեսնում ընդհանուր արեւմտյան գծի ուղղվածությունը՝ հասնել անհասանելիին, այն բանին, ինչը նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա այդ գծի դրսեւորումներից մեկն է։
Ռուսաստանը երկար տարիներ այս վաղեմի հակամարտության կարգավորման ջանքեր է գործադրում։ 2020թ. աշնանը մենք կարեւոր միջնորդներն էինք եռակողմ պայմանավորվածությունները մշակելիս։ Բոլոր ուղիները, որոնք նշված էին այդ պայմանավորվածություններում, հափշտակել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Բայց այնպես, ասես Ռուսաստանը դրանց հետ ոչ մի կապ չունի։ Հետո սկսվեցին բանավեճերը այսպես կոչված բրյուսելյան հարթակում, որտեղ Հայաստանի ղեկավարությունն արմատապես փոխեց իր դիրքորոշումը եւ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ չհիշելով արցախահայերի իրավունքների եւ անվտանգության մասին։ Եվ Եվրամիությունը, կարգավորմանն օգնելու, այլ ոչ թե իր իրավիճակային շահերից ելնելով՝ մեր ձեռքբերումներից օգտվելու փոխարեն, Ռուսաստանին մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ՝ սեպտեմբերի 19-ի դեպքերի համատեքստում։
Այսօր խոսում են այն մասին, որ իրենք պատրաստ են հարթակ տրամադրել, բայց եւ լիովին անտեսում են այլ մասնակիցների ցանկությունները։ Այսինքն՝ Եվրամիությունը իր համար հնարավոր է համարում թելադրել մյուսներին, թե ով կարող է մասնակցել, ով՝ ոչ։ Սա մենթորական տակտիկա է, գաղութային, որն անտեսում է միջազգային շփման այլ մասնակիցների իրավունքներն ու շահերը։ Իսկ դրանք, ինչպես հայտնի է, հավասարազոր ինքնիշխան պետություններ են, որովհետեւ ինքնիշխան հավասարության սկզբունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությունում»,- ասել է նա։
Նա նշել է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, այնուամենայնիվ, կարող են միասին աշխատել այս թեմայով, բայց «այն ընկալման դեպքում, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն չեն հափշտակի մեր ձեռքբերումներն ու դրանք չեն ներկայացնեն որպես իրենցը, այլ իրենց գործողությունները կտեղավորեն հայ-ադրբեջանական կարգավորման այլ մոդալության մեջ, որը արդեն մշակվել է կողմերի միջեւ Ռուսաստանի միջնորդությամբ»։
Հենց այս անկյան տակ ենք մենք մոտենում Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ շփումներին այս հարցում։
Չեմ համաձայնի ձեզ հետ այն հարցում, որ մենք խոսում ենք ինչ-որ մրցակցության մասին։ Կան խաղաղ կարգավորման մոդալություններ, որոնք մշակվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020թ. եւ հետագա երկու տարիներին։ Եվ եթե Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն ցանկանում են օգնել դրանց իրականացմանը, ապա, իհարկե, մենք դրան չենք հակառակվի։ Բայց եթե խոսքն այն մասին է, որ օգտվեն ռուսական ձեռքբերումներից եւ գործեն առանց Ռուսաստանի, հասկանալի է, որ նման մոտեցումը մեզ բավարարել չի կարող»,- ասել է նա։