Միջազգային ավիաընկերությունները չեղարկում են թռիչքները դեպի Իսրայել
Մի քանի միջազգային ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ՝ հայտարարելով, որ մտադիր են սպասել մինչև անվտանգության պայմանները բարելավվեն՝ նախքան թռիչքները վերսկսելը, հայտնում է Reuters-ը։
Կիրակի ամերիկյան United Airlines, Delta Air Lines և American Airlines ավիաընկերությունները հայտարարել են, որ դադարեցրել են ուղիղ չվերթները, ինչպես նաև Air France-ը:
Հայտարարության մեջ United-ը նշել է, որ շաբաթ օրը ուշ և կիրակի վաղ առավոտյան Իսրայելից երկու կանոնավոր չվերթ է իրականացրել դեպի Միացյալ Նահանգներ, սակայն դադարեցրել է թռիչքները «մինչև պայմանները թույլ կտան վերսկսել դրանք»:
Hainan Airlines-ը՝ միակ չինական ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Չինաստանի և Իսրայելի միջև, երկուշաբթի չեղարկել է թռիչքները Թել Ավիվ-Շանհայ՝ պատճառաբանելով Իսրայելում անվտանգության իրավիճակը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ կկարգավորի թռիչքների ապագա պլանները՝ կախված իրավիճակից:
Cathay Pacific-ը հայտարարել է, որ չեղարկել է երեքշաբթի Հոնկոնգ-Թել Ավիվ չվերթը, հինգշաբթի օրը պետք է լրացուցիչ տեղեկություններ տրամադրի իր հաջորդ չվերթի մասին:
Korean Air ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի չեղարկել է Ինչոն նավահանգստային քաղաքի և Թել Ավիվի միջև թռիչքը և ակնկալում է, որ ապագա չվերթները կլինեն անկանոն: