Նավթի գները բարձրացել են, իսկ ԱՄՆ-ի բաժնետոմսերի ֆյուչերսները՝ ընկել. առաջին արձագանքը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին
Կիրակի երեկոյան նավթի գներն աճել են, իսկ ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները նվազել են. սա առաջին արձագանքն է ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին, հայտնում է CNN-ը։
Չնայած Իսրայելը նավթի խոշոր արտադրող չէ, նավթով հարուստ Մերձավոր Արևելքում լարվածության աճը սարսափեցրել է ներդրողներին, որոնք վերջին շաբաթներին արդեն վաճառել էին նավթը:
Կիրակի երեկոյան ԱՄՆ-ում նավթի գներն աճել են 4%-ով՝ հասնելով բարելի դիմաց 86 դոլարի։ Brent տեսակի նավթը նույնպես թանկացել է մոտ 4 տոկոսով՝ բարելի դիմաց վաճառվելով շուրջ 88 դոլարով:
SPI Asset Management-ի կառավարիչ գործընկեր Սթիվեն Իննեսն ասում է, որ աճը, հավանաբար, պայմանավորված է թրեյդերների շրջանում «Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական էսկալացիային արձագանքելու «առաջինը գնիր, հետո հարցեր տուր» սկզբունքով:
«Պատմական վերլուծությունը ցույց է տալիս, որ նավթի գները անշեղորեն աճել են Մերձավոր Արևելքի ճգնաժամից հետո», - գրել է նա:
Ֆոնդային շուկաներում ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները, որոնք ուրբաթ օրը բարձրացել էին ԱՄՆ աշխատաշուկայի անսպասելիորեն ուժեղ զեկույցի հետևանքով, կիրակի երեկոյան կտրուկ նվազել են:
Dow-ի ֆյուչերսները նվազել են 200 կետով կամ 0,6%-ով։ S&P 500 ֆյուչերսները նվազել են 0,7%-ով։ Իսկ Nasdaq-ի ֆյուչերսները նվազել են 0,7%-ով։
Համաշխարհային ներդրողները մտավախություն ունեն, որ Մերձավոր Արևելքում երկարատև լարվածությունը կարող է վնասել համաշխարհային տնտեսության փխրուն վերականգնմանը: