ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության հասնել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել փակ դռների հետևում Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի ֆոնին, սակայն չի կարողացել հասնել միասնական հայտարարության համար պահանջվող միաձայնության, հայտնում է Al Jazeera-ն։
Միացյալ Նահանգները կոչ է արել խորհրդի 15 անդամներին խստորեն դատապարտել ՀԱՄԱՍ-ին։ «Շատ երկրներ կան, որոնք դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Ակնհայտ է, որ ոչ բոլորը»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ամերիկացի ավագ դիվանագետ Ռոբերտ Վուդը:
Խորհուրդը մոտ 90 րոպե նիստ է արել և լսել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության բանագնաց Թոր Վենեսլանդի խոսքը: Դիվանագետներն ասել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ավելի լայն ուշադրության հույս են ունեցել, քան Համասին դատապարտելը:
«Իմ ուղերձն էր անհապաղ դադարեցնել մարտերը և անցնել հրադադարի և բովանդակալից բանակցությունների, ինչի մասին Անվտանգության խորհուրդը խոսում է տասնամյակներ շարունակ», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:
Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ՝ որպես 2020 թվականի շրջադարձային համաձայնագրի մաս, հայտարարել են, որ ակնկալում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի շատ հանդիպումներ ճգնաժամի վերաբերյալ: «Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ այսօր իրավիճակը խիստ մտահոգիչ է», - ասել է ԱՄԷ դեսպան Լանա Զաքի Նուսեյբեն։ «Խորհրդի շատ անդամներ կարծում են, որ քաղաքական հորիզոնը, որը տանում է երկու պետությունների ստեղծման մասին որոշման, միակ ճանապարհն է այս հակամարտությունը վերջնականապես լուծելու համար», - ասել է նա: