Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գրավեց 6-րդ տեղն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային վերջին օրը կայացավ առանձին գործիքների հենացատկի եզրափակիչը: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այս վարժությունում հավաքեց 14.549 միավոր և գրավեց 6-րդ տեղը:
Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանը (15.050 միավոր):
Արթուր Դավթյանն արդեն իսկ ապահովել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր` որակավորման փուլում մրցելով նաև բազմամարտում:
Աշխարհի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչ էին դուրս եկել Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նժույգ-թափերի վարժությունում Մերդինյանը 4-րդն է, օղակների վարժությունում Ավետիսյանը 7-րդը, իսկ Դավթյանը` 4-րդը: