Երեւանի քաղաքապետի ընտրությունը կունենա «չնախատեսված» շրջադարձ
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն այդպես էլ չհամաձայնեցին ուղիղ եթերում, հանրության աչքի առաջ բանակցել միմյանց եւ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի հետ՝ միանալու Երեւան քաղաքում իշխանափոխություն իրագործելու օրակարգի շուրջ: «Իրավունքի» ունեցած տեղեկություններով՝ փորձեր չեն եղել նաեւ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, միայն հեռահար «ուղիղ եթերներով» քաղաքական ուժերը «փոխհրաձգություն» իրականացրին, որի թիրախում ամենեւին էլ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը չէր, այլ այն, թե ով ինչ դիրք պետք է ունենա՝ քաղաքային հնարավոր իշխանափոխության դեպքում:
Այսպիսով՝ իբրեւ ամենաթունդ ընդդիմադիրներ Մարությանի «Ազգային առաջընթացն» ու Թեւանյանի «Մայր Հայաստան»-ը որոշել են առհասարակ բոյկոտել հոկտեմբերի 10-ին նախատեսված Երեւանի նորընտիր ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունը: Մինչդեռ իրականում դրանով ապահովում են հենց Տիգրան Ավինյանի անցնցում ընտրությունը, քանի որ այլ թեկնածու չկա: Իսկ սեփական թիմակիցներին նույն քաղաքական ուժերը «կերակրում են» նրանով, թե այսպիսի քայլով քաղաքապետի ընտրությունը չի կայանա, եւ տեղի կունենան նոր ընտրություններ: Այո՛, առկա ավերի ու աղետի մասշտաբները չգիտակցելով՝ պարզվում է՝ դեռ կան քաղաքական գործիչներ, որոնք հնարավոր են համարում էլի փողոցներով ընկած քարոզարշավ իրականացնելը: Ընդ որում՝ սա էլ Տիգրան Ավինյանի օգտին է, որովհետեւ վերջինիս սրտով էլ չէ քաղաքային իշխանությունը կիսել Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության հետ, առանց որի ձայների, նույնիսկ ժեկի պետ չի կարողանա ընտրվել, ուր մնաց, թե քաղաքապետ:
Արդյունքում՝ ստացվեց այնպես, որ գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է, նա կա՛մ չի միանում բոյկոտին, եւ Ավինյանն ընտրվում է՝ ունենալով մազից կախված իշխանություն, կա՛մ բոյկոտում է, տեղի են ունենում նոր ավագանու ընտրություններ, որտեղ ՔՊ-ն այս ընտրությունից դասեր քաղած եւ Թեւանյանի ու Մարությանի գահավիժող վարկանիշից օգտվելով՝ միանգամից նկարում է իրեն այնպիսի ձայներ, որով վերընտրվում է՝ այս անգամ արդեն առանց «Հանրապետություն» կուսակցության օգնության եւ ուժեղացած: Վ. Ղուկասյանը, կարծես թե, պատրաստվում է ընտրել առաջին տարբերակը, եւ այստեղ հարցերի հարցը մնում է այն, թե բոյկոտող ու ընդհանուր հայտարարի չեկող Մարությանն ու Թեւանյանը վերարտադրեցին նիկոլականների իշխանությո՞ւնը, թե՞ «սեւ ու սպիտակ» օպերացիան «չնախատեսված», պայթեցրած «Հանրային ձայնը»: