Գերմանիան և Ֆրանսիան ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հրեական սինագոգների, դպրոցների և հուշարձանների շուրջ
Գերմանիան և Ֆրանսիան շաբաթ օրը խստացրել են անվտանգության միջոցառումները հրեական տաճարների, դպրոցների և հուշարձանների շրջակայքում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո, հայտնում է AFP-ն:
Գերմանիան ուժեղացրել է հրեական և իսրայելական հաստատությունների ոստիկանական պաշտպանությունը, քանի որ պաղեստինցի որոշ կողմնակիցներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ տոնելու հարձակումը:
Ֆրանսիան ուշադրության տակ է առել երկրի քաղաքներում գտնվող հրեական տաճարները և դպրոցները, քանի որ հրեա առաջնորդներից մեկը մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է տարածվել այնտեղ:
Բեռլինի ոստիկանությունը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ «մարդիկ տոնում են Իսրայելի վրա հարձակումները՝ թխվածք բաժանելով» Նոյկոելն քաղաքի Զոնենալեե գլխավոր պողոտայում։
Ֆրանսիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Փարիզի, Մարսելի, Լիոնի և Ստրասբուրգի սինագոգներում սեպտեմբերի վերջից նշվող կրոնական տոների պատճառով։
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հրատապ ուղերձ է հղել տարածաշրջանային պաշտոնյաներին՝ խնդրելով նրանց էլ ավելի ուժեղացնել հսկողությունը:
Նա կոչ է արել «տեսանելի և համակարգված ստատիկ ներկայություն» ունենալ և օգտագործել ֆրանսիական «Պահապան» օպերացիայի հատուկ ուժերը, որոնք տեղակայվել են ամբողջ երկրում 2015 թվականի հարձակումներից հետո:
Լոնդոնի ոստիկանական ծառայությունը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ մեծացրել է պարեկությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի որոշ հատվածներում «մի շարք միջադեպերից հետո, որոնք կապված են Իսրայելում և Գազայի սահմանին շարունակվող հակամարտության հետ»։