Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը հարավային բնակավայրերի նկատմամբ
Իսրայելապաղեստինյան հակամարտության սրումն աննախադեպ է: Նման տեսակետ է հայտնել Իսրայելում ՌԴ դեսպանը` հավելելով, որ իրավիճակն առաջիկա օրերին դժվար թե կարգավորվի:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը հարավային` Գազայի հատվածի սահմանային բնակավայրերի մեծ մասի նկատմամբ:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ այս հակամարտության սրման հետևանքով Իսրայելում զոհերի թիվն աճել է` հասնելով առնվազն 200-ի, վիրավորների թիվը մոտ 1100 է:
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 232-ի, հաղորդվում է գրեթե 1700 վիրավորի մասին:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Պաղեստինի վարչապետի հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել, որ վերագործարկվի քաղաքական գործընթացը: Նա դատապարտել է քաղաքացիական բնակչության վրա հարձակումը, կոչ արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, պահպանել քաղաքացիական անձանց կյանքերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ հանձնարարել է իր օգնականներին` ակտիվացնել շփումներն Իսրայելի, տարածաշրջանի և ԵՄ երկրների ու պաղեստինյան վարչակազմի հետ:
Գազայի հատվածում իրավիճակի սրման հետևանքով Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրի ողջ տարածքում հատուկ դրություն մտցնելու մասին: