Ամերիկուհին 19-րդ դարի տուն է գնել և նկուղում տարօրինակ սարքով գաղտնի սենյակ հայտնաբերել
ԱՄՆ-ում մի աղջիկ Իլինոյսում 19-րդ դարի տուն է գնել և այնտեղ գաղտնի սենյակ գտել՝ հին լուսանկարներով և տարօրինակ սարքով։ Նա պատմել է այս մասին Newsweek-ին:
21-ամյա Ֆելիսիա Լալլան երկար ժամանակ նոր տուն է փնտրել և ի վերջո ընտրել է 1890-ականներին կառուցված փոքրիկ տուն։ Շենքը, նրա կարծիքով, համատեղում է «վինտաժային հմայքը և պատմական նշանակությունը»։ Երբ ամերիկուհին ռիելթորի հետ զննել է շենքի նկուղը, նա նկատել է տարօրինակ պատը ծանր հնաոճ պահարանի հետևում։
Լալլան պահարանի և պատի միջով դուռ է տեսել։ Նախկին սեփականատերը հայտարարել է, որ իր մոտ չկա այս դռան բանալին, և ոչ ոք այն չի բացել արդեն մի քանի տասնամյակ։ Գործարքն ավարտելուց հետո աղջիկը նախ բացել է խորհրդավոր սենյակը։
Սենյակը լցված է եղել թերթերի հին հատվածներով, լուսանկարներով, բացիկներով։ Նաև ատամների ռադիոգրաֆիայի մասին գիրք է եղել, իսկ անկյունում՝ տարօրինակ ապարատ։ Լալլան արագ պարզել է, որ գտել է սև և սպիտակ լուսանկարներ մեծացնող սարք։ Նա զանգահարել է մասնագիտությամբ լուսանկարիչ իր ավագ քրոջը, ով ասել է, որ սենյակն օգտագործվել է որպես մութ տարածք՝ լուսանկարներ մշակելու համար։
Լալլան փորձել է պարզել, թե ով է ապրել այդ տանը տասնամյակներ առաջ։ Նա կապ է հաստատել տեղի պատմական ընկերության և գրադարանների հետ, սակայն չի կարողացել ճշգրիտ տեղեկություններ գտնել նախորդ սեփականատերերի մասին: Աղջիկը դեռ չի որոշել, թե ինչ անել նոր տարածքի հետ։ Նա պատրաստվում է հին լուսանկարչական սարքավորումները տալ ինչ-որ դպրոցի, որտեղ կա լուսանկարչական խմբակ, փոխանցում է Shantnews-ը։