Վահագն Դավթյանը մարմնամարզության ԱԱ-ում 4-րդն է, Արթուր Ավետիսյանը` 7- րդը
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկեցին մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնության առանձին գործիքների եզրափակիչները:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` աշխարհի 52-րդ առաջնության օղակների վարժության եզրափակիչ էին դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:
Դավթյանն իր վարժության համար արժանացավ 14.700 միավորի և գրավեց 4-րդ տեղը, իսկ Ավետիսյանը 14.433 միավորով 7-րդն է:
Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Լյու Յանգը (15.233 միավոր):
Ավելի վաղը կայացել էր նժույգ-թափերի եզրափակիչը, որտեղ աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը:
Առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինիս հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Արթուր Դավթյանն արդեն իսկ նվաճել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս խաղերը 4-րդն են նրա կարիերայի ընթացքում: