Կարմիրբերետավորը դարձել է իշխանական բութ գործիք․ փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բողոքը, մասնավորապես, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու նյութերն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Yerkir.am-ի հետ զրույցում Մինասյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը փաստել է, որ վստահորդը սեփական իրավունքների պաշտպանության եւ ոստիկանական ապօրինությունների դեմ մեկ ու կես տարի պայքարից հետո, հայտնվել է նույն զրոյական կետում։
2022 թ․ մայիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում, մի խումբ ոստիկաններ՝ առանց օրինական հիմքի, անհամաչափ բիրտ ուժ էին գործադրել Արծվիկ Մինասյանի հանդեպ։ Դեպքի վերաբերյալ՝ նույն օրը հաղորդում էր ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն, նախաձեռնվել էր քրեական վարույթ եւ Արծվիկ Մինասյանը ճանաչվել էր տուժող կողմ։
Սակայն որոշ ժամանակ անց քննիչը կայացրել էր անհիմն ու կամայական որոշում՝ կարճելու վարույթը՝ պատճառաբանելով հանցագործության բացակայությությունը։ Որոշումը բողոքարկելու համար Մինասյանը նախ դիմել էր դատախազություն, սակայն ապարդյուն։ Դատախազության մերժումից հետո, ընդդիմադիր պատգամավորը դիմել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ու կրկին մերժում ստացել, ինչից հետո էլ այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
«Խնդիրը նրանում է, որ նիկոլ փաշինյանի իշխանությունը, այլեւս միայն հենվում է իրավապահ համակարգի վրա, ինչի հետեւանքով կատարվում են նման ապօրինություններ եւ երկակի ստանդարտների նմանատիպ ցայտուն դեպքեր: Առաջացել է մի արատավոր շղթա՝ ոստիկան-քննիչ-դատախազություն-դատարան, որը դարձել է մամլիչ գործիք ընդիմադիր խոսքը լռեցնելու եւ ընդիմադիրներին ճնշելու համար» ,-ասել է Սերգեյ Հարությունյանը:
Փաստաբանի խոսքով, նմանատիպ դեպքերը գնալով ավելի են շատանում, ինչը հետեւանք է անպատժելիության եւ նախկին ապօրինությունները կոծկելուն, այդ թվում՝ զոհված զինծառայողների մայրերի հանդեպ կարմիրբերետավորների գործադրած բռնությունները, Արցախը հանձնելու դեմ բողոքի ակցիաներ իրականացնող երիտասարդների նկատմամբ հանցավոր, ընդգծված բռնի գործողությունները:
«Ցայտուն օրինակ է նաեւ, Լեւոն Քոչարյանի հետ կատարվածը, երբ տեսաերիզում ակնհայտ երեւում է, որ դաժանաբար բռնություն գործադրում են կարմիր բերետավորները, սակայն ընդամենը ոստիկանների ցուցմունքների հիման վրա քրեական գործ է հարուցվում Լեւոն Քոչարյանի նկատմամբ, մեղադրանք առաջադրվում է միայն նրան եւ վերջինս է այժմ անազատության մեջ: Ստացվում է աբսուրդային իրականություն՝ մենք բոլորս տեսաերիզում տեսնում ենք այլ իրականություն, սակայն քննիչը, դատախազն ու դատավորը հիմնվում են ոստիկանների անիրական ցուցմունքների վրա։ Այս ամենը մարդկանց մոտ առաջացնում է անզորություն, ինչը չափազանց վտանգավոր է։ Պատմության մեջ դեռեւս ոչ մի իշխանության չի հաջողվել բռնություններով ու ապօրինություններով հարատեւել» ,-հավելել է փաստաբանը։