Մեր ժողովրդին մնացել է հուսալ, որ սկսվող և հավանական պատերազմները շղթայական ռեակցիայով չբռնկեն նաև Հարավային Կովկասը․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Ժամանակակից պետությունների անվտանգության, կայուն զարգացման ու հեռանկարային հարցերը մեծապես կապված են տվյալ երկրի արտաքին քաղաքականության հետ:
Հատկապես փոքր երկրների համար ճիշտ ընտրված, ճկուն արտաքին քաղաքականությունը անվտանգ զարգացման ամենամեծ երաշխիքն է: Գերտերություններն իրավունք ունեն սխալվելու` հատկապես, որ ունեն սխալներն ուղղելու իրական հնարավորություններ: Փոքր պետություններին ի սկզբանե տրված չէ սխալվելու իրավունք: Մեր բոլոր ողբերգությունները գալիս են վերջին տարիներին գործած դավադիր սխալներից և շարունակվող արկածախնդրություններից:
Սերժ Սարգսյանի թողած արտաքին քաղաքական ճարտարապետությունը` անվտանգության, կայուն զարգացման, խորացող բազմակող ու երկկողմ կապերի, փոխադարձ շահերի և միջազգայնորեն ընդունված իրավահարաբերությունների յուրահատուկ համակցություն էր:
Հայաստանն ուներ և ավելացնում էր իր կշիռը: Առնվազն մեր տարածաշրջանում Հայաստանն ինքնուրույն գործոն էր, իր շահերի տեսանկյունից`որոշիչ սուբյեկտ:
Ամբողջը կառուցված էր հայեցակարգերի, սկզբունքների, երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերի վրա: Նրբորեն կառուցված և հաշվարկներով իրականացվող քաղաքականության մեջ յուրաքանչյուր դետալ ուներ իր դերն ու նշանակությունը: Ադրբեջանի նախագահը 2022թ. մարտին խոստովանել է, որ «30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին՝ բոլոր ոլորտներում»:
Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ այդ համակարգի բոլոր դետալները հատ առ հատ քանդելուն: Հետևանքները առավել քան ողբերգական են ու պարզ:
Իրավիճակը մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գնալով ավելի է սրվում ու դառնում մեծ պատերազմների համար պայթյունավտանգ: Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն` իր վտանգված «անվտանգային համակարգով»: Վերջին վնասն էլ ՌԴ-ՀՀ հարաբերություններին հասցված, թուրքական շահերից բխող հարվածներն են, որն առավել մշուշոտ է դարձրել Հայաստանի ապագան:
Մեր ժողովրդին մնացել է հուսալ, որ սկսվող և հավանական պատերազմները շղթայական ռեակցիայով չբռնկեն նաև Հարավային Կովկասը»: