«Էլեկտրական գործիքով փորձել են ծակել բենզինի բաքը». «ՀԺ»-ն նոր մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից
«Հայկական ժամանակ»-ը գրել է.
«Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած ուժեղ պայթյունի առաջացման պատճառների մասին մինչ օրս պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել:
Շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնք, սակայն, ենթադրությունների համատեքստում են: Որոշները պնդում են, թե ծխախոտի կրակի պատճառով է այն առաջացել: Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշ հատվածի շրջանում էլ կան անգամ կասկածներ, որ ադրբեջանական կողմն է կազմակերպել՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
«Հայկական ժամանակ»-ին, սակայն, որոշ նոր մանրամասներ են հայտնի դարձել ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից: ԼՂ ուժային կառույցներից մեկի աշխատակիցը հայտնել է, որ տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:
Զրուցակցի խոսքով՝ գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:
«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմեց ականատեսը»։