«Դա ցեղասպանություն էր, 1915 թվական»․ արցախցի բռնի տեղահանված
Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից մազապուրծ փախել ենք, մեր հագի շորերով. Iravaban.net-ի «Արցախ. հայերի ցեղասպանություն 2023» շարքի շրջանակներում պատմեց Իռա Սողոմոնյանը։
Սեպտեմբերի 19-ին թշնամու սանձազերծած ագրեսիան նկարագրելով՝ նա պատմում է, որ վազել են այս ու այն կողղմ և չեն իմացել, թե որտեղ պատսպարվեն։
«Մեր տան հետևում ենք պատսպարվել և վախեցել ենք դուրս գալ։ Հետո հավաքվել ենք, շուտ հասել Ստեփանակերտ և հետո ավտոբուսներով եկել։ Այնտեղ գտել եմ իմ աղջկան և իր երեխաներին»,-պատմեց նա։
Տիկին Իռան նշում է, որ իրենք շրջափակման շուրջ տասը ամիսները վախի մեջ են ապրել, բայց մտածել են, որ պետք է շարունակեն գոյատևել Արցախում. «Բայց, ցավոք սրտի, այնպես դասավորվեց, որ չկարողացանք ապրել մեր հայրենի օջախներում»։
Նրա խոսքով` Արցախում կատարվածը ոչ այլ ինչ էր` քան ցեղասպանություն.
«Դա ցեղասպանություն էր, 1915 թվական։ Ամբողջ գերտերությունները լռել են։ Պետք է բոլորը ոտքի կանգնեին մեկ մարդու պես, որպեսզի չթողնեին, որ թուրք ոճրագործները մեզ մեր տներից հանեին։ 100 տարի հետո էլի նույն պատմությունը, հայերն այսօր էլի գաղթի ճանապարհը բռնած գնում են»,-պատմում է Իռա Սողոմոնյանը։
Մանրամասները` տեսանյութում