Սպիտակ տունն աշխատում է ԱՄՆ-ում Բայդենի և Սի Ցզինպինի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ
Սպիտակ տունն աշխատում է Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։
Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին։ APEC-ի 21 երկրների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-17-ը։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Բայդենն «անհամբեր սպասում» է Չինաստանի առաջնորդի հետ հանդիպմանը, սակայն «դեռ ոչինչ հաստատված չէ»։
Սպասվում է, որ իրավիճակն ավելի պարզ կդառնա առաջիկա շաբաթներին Չինաստանի արտգործնախարար Վան Յիի ԱՄՆ կատարած այցի ընթացքում։
«Դեմ առ դեմ հանդիպումը կլինի երկու խոշորագույն տնտեսությունների առաջնորդների միջև առաջինն այն բանից հետո, երբ նրանք հանդիպեցին անցյալ տարվա նոյեմբերին Ինդոնեզիայի Բալի քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
Այնտեղ երկու նախագահներն էլ նշել են դեմ առ դեմ հանդիպման կարևորությունը և հույս հայտնել, որ կարող են վերադարձնել ամերիկա-չինական հարաբերությունները դիվանագիտության ուղու վրա»,- գրում է թերթը։