Հիմա ես ի՞նչ անեմ, էս ճամպրուկը ո՞ւր դնեմ. Կարպ Խաչվանքյան 90
Աշխարհի հանճարեղ կատակերգուների նման Կարպն էլ բեմից դուրս հազվադեպ էր խոսում, գրեթե չէր կատակում, սիրում էր լսել ուրիշի կատակները: Նույնիսկ խոստովանում էր, որ անեկդոտ պատմել չգիտի...
Հայ բեմի ծիծաղի վարպետ Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 90 տարեկան: Խաչվանքյանը ծնվել է Ախալցխայում' 1923 թվականի հունվարի 23-ին: ՀՀ ժողովրդական արտիստ է, ում հայ հանդիսատեսը հիշում է հատկապես կատակերգական ժանրում նրա կերտած կերպարներով:
Տարիների հեռավորությունից այսօր էլ լիաթոք ծիծաղով են անցնում այն հեռուստաներկայացումների դիտումները, որոնցում Խաչվանքյանն իր մասնակցությունն է ունեցել: Հատկապես նրա կերտած Կնյազի կերպարի խոսքերից շատերը դարձան ժողովրդի սիրելի արտահայտությունները, որոնք առ այսօր օգտագործվում են:
Կարպուշան խաղացել է 100-ից ավելի ներկայացումներում' «Տաքսի-տաքսի», «Պահանջվում է ստախոս», «Ախ, ներվեր, ներվեր», «Սեր աստղերի տակ» և այլն:
Խաչվանքյանը կյանքից հեռացավ 1998 թվականի նոյեմբերի 23-ին, բայց, ինչպես ասում են, մարդիկ ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն մոռացել: