5 կետ, որոնք փաստում են, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված ՄԱԿ-ի առաքելությունը գործել է հօգուտ Ադրբեջանի
Բեյրությում գործող The Zovighian Partnership հետազոտական հարթակը բաց նամակ է հրապարակել Լեռնային Ղարաբաղ ուղարկված ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ:
The Zovighian Partnership-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Լին Զովիղյանը հրատապ ուշադրություն է հրավիրում ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 2-ին հրապարակված հայտարարության վրա, որը տարածվել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության այցից հետո։ Նա մտահոգություն է հայտնում էթիկական խախտումների, մանիպուլյացիայի ենթարկված բացահայտումների և փրկվածների նկատմամբ ուշադրության բացակայության առնչությամբ: Նա նաև կոչ է անում հետաքննել առաքելության ոչ անկախ և հօգուտ Ադրբեջանի կողմակալ լինելու հանգամանքը և այն, թե ինչպես է դա վնասում Արցախի պատմական հայ ժողովրդին։
Նամակում նա առանձնացրել է հինգ կետ.
1. Առաքելության նկատմամբ վստահությունը խաթարված է նրա կառավարման և անկախ չլինելու հանգամանքով:
ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը, որի կազմում եղել են ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ, գլխավորել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը։ Ավելին՝ առաքելության կազմում չեն եղել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ: Հետևաբար, այս առաքելությունն կողմակալ է, ոչ անկախ և ոչ չեզոք:Հենց տեղում գտնվող աղբյուրները վստահեցնում են, որ տեղի հայերի ավելի քան 99 տոկոսը լքել է Արցախը և ներկայում գտնվում է Հայաստանի սահմաններում։ Այսինքն՝ կարիքների, ինչպես նաև ցանկացած արտակարգ իրավիճակի արձագանքի ենթակա բանակչությունը գտնվում է հենց Հայաստանում։ Ադրբեջանն այն դերակատարն է, որը հրամայել է բռնի և համակողմանի ռազմական հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։
2. Հայտարարության մեջ օգտագործված լեզվի ընտրությունը և ոգին վիրավորական են իրենց հայրենիքը կորցրած մարդկանց համար:
Հայտարարության հինգ նախադասությունները շատ նման են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և այդ երկրի այլ պետական կառույցների հայտարարություններին։ Սա մտահոգություն և հարցեր է առաջացնում ՄԱԿ-ի առաքելության կամ հայտարարության հեղինակի արժանահավատության վերաբերյալ:
3. Այս առաքելության կողմից իրականացված հետազոտությունը ոչ հստակ է և չի կենտրոնանում մազապուրծ փրկվածների խնդրի վրա:
Հայտարարության մեջ չի պարզաբանվում, թե արդյոք ՄԱԿ-ի առաքելությանը հանձնարարվել է տեղում կարիքների գնահատում իրականացնել, թե ինչ լիազորություններով է նա ստանձնել այդ պատասխանատվությունը: Ո՛չ հայտարարությունը, ո՛չ էլ ճեպազրույցները, որոնք իրականացվել են առաքելությունից առաջ և հետո, բավարար լույս չեն սփռում հետաքննական խնդիրների և մտահոգության ոլորտների վրա, որոնք կարևոր էր ուսումնասիրել և հասկանալ:
4. Առաքելության հիմնական եզրահանգումները սահմանափակ են և չեն արտահայտում տեղում հայ բնակչության հրատապ և սուր կարիքները:
Ուշագրավն այն է, որ մարդկանց կարիքների մասին հայտարարության մեջ որևէ խոսք չկա։ Հայտարարության միակ ցավակցական նախադասության մեջ ասվում է, որ «առաքելությունը ցնցված է, որ տեղի բնակիչներն անսպասելիորեն լքել են իրենց տները»: Անորոշ լեզուն, որն օգտագործվում է տան կորուստը և ողջ բնակչության կողմից ապրած սարսափը նկարագրելու համար, ուժեղացնում է հանցագործների անպատժելիությունը:
5. Չնայած մարդկանց կարիքները բացահայտելու իր նպատակին՝ այդ եզրահանգումները կենտրոնանում են Ադրբեջանի կառավարության ջանքերի վրա:
Հայտարարության մեջ վեց անգամ նշվում է Ադրբեջանի ջանքերի մասին, որոնցից երեքը գովաբանում են այն աշխատանքը, որ Ադրբեջանի կառավարությունը կատարում է տեղում։ Սա չափազանց անսովոր է ՄԱԿ-ի առաքելության համար, որի խնդիրն էր լույս սփռել մարդասիրական սարսափելի իրավիճակի վրա:
Եզրակացության մեջ Զովիղյանը նշում է. «Ցավով պետք է արձանագրեմ, որ հայտարարությունը ՄԱԿ-ի այս պատմական առաքելությունը միայն պասիվորեն է հիշատակում է այն տառապանքները, որոնք կրել և շարունակում է կրել տեղի հայ բնակչությունը: Հայտարարության էությունը բնորոշ չէ ՄԱԿ-ի առաքելությանը, որն այցելել է հակամարտության գոտի, որտեղ մի ամբողջ բնակչություն ենթարկվել է բռնության, անարդարության և արմատախիլ արվել: Չներկայացնելով մարդկանց կարիքները հայտարարության մեջ՝ պարզ չէ, թե ինչպես է այս առաքելությունը աջակցելու ապագա կարիքների գնահատմանը և հրատապ մարդասիրական օգնության առաջնահերթությունների և միջամտությունների վերաբերյալ առաջարկություններին: Սա շատ ցավալի է՝ հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ի այս առաջին առաքելությունը կարող էր հսկայական հնարավորություն հանդիսանալ վստահություն ձևավորելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի կարիքները հասկանալու և բավարարելու լուրջ պատրաստակամություն դրսևորելու համար»:
Նա նաև ընդգում է, որ միջազգային անկախ փաստահավաք առաքելությունն այսօր անհրաժեշտ է առավել քան երբևէ՝ տեղում իրավիճակի դատաբժշկական և գիտական փորձաքննության համար, քանի որ ժամանակը որոշիչ նշանակություն ունի, քանի որ առկա է վտանգ, որ ապացույցները կարող են ոչնչացվել կամ շահարկման ենթարկվել:
Աղբյուր` Փաստինֆո