Ռուս խաղաղապահները դու՞րս են գալիս Արցախից. քննարկում Երևանի հետ
Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությունը հղում անելով դիվանագիտական աղբյուրին հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան, որպեսզի հայկական կողմի հետ քննարկի Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման կոնկրետ ժամկետներ: Այս տեղեկությունը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք այն, որ ռուս խաղաղապահների արցախյան ներկայությունը դե ֆակտո վաղուց գտնվում է Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ տիրույթում: Եթե այդպես չէ, եթե իրականում շարունակել է գործել եռակողմ ֆորմատը, ապա այդ դեպքում բավականին հարցեր կարող են առաջանալ պաշտոնական Երևանի հանդեպ: Գոնե առերևույթ, պաշտոնական Երևանը իրեն առանձնացրել է Արցախում իրավիճակից, նախ հայտարարելով, որ այնտեղ տեղի ունեցողը Ստեփանակերտի և Բաքվի խոսակցության և ռուսական կողմի պատասխանատվության տիրույթում է:
Ըստ այդմ, ենթադրվում է, որ՝ առավել ևս Արցախի գրեթե ամբողջական հայաթափման պայմաններում հայկական կողմը Ռուսաստանի ՊՆ պատվիրակությանը պետք է թերևս պատասխանի՝ երբ ուզում եք, ինչ ժամանակագրությամբ որ ուզում եք, այդ ժամանակահատվածում էլ դուրս եկեք Արցախից: Այստեղ սակայն կա թերևս մեկ այլ նրբերանգ: Խոսքը թերևս այն մասին է, որ ռուսական կողմը հայկական կողմի հետ գործնականում կքննարկի ոչ այնքան դուրսբերման ժամանակահատվածը, որքան՝ դուրս բերվող խաղաղապահ կոնտինգենտի՝ Հայաստանի տարածքում տեղակայելու հարցը: Այդ ամենից առաջ կա իհարկե մյուս հարցը՝ ռուս խաղաղապահները դու՞րս են գալիս Արցախից: ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին Վալդայ ակումբում իր ելույթում հայտարարեց, թե Արցախում մնացել է հազիվ 1000-1500 հայ: Իհարկե դա խաղաղապահների մնալու հիմք լինել կարող է, առնվազն որոշակի ժամանակահատված, սակայն կասկածից վեր է նաև, որ դա նաև ռուս խաղաղապահների թվաքանակը, զինտեխնիկայի քանակը առնվազն էապես կրճատելու հիմք է: Եվ հետևաբար, տեղակայված կոնտինգենտի առնվազն մեծ մասը՝ ինչպես որ Արցախի հայերի մեծ մասն է դուրս եկել Արցախից, պետք է դուրս գա:
Մյուս կողմից, արդյո՞ք Ռուսաստանը դուրս կգա ամբողջությամբ: Կրեմլի խոսնակ Պեսկովը օրերս հայտարարել էր, որ խաղաղապահների հետագայի հետ կապված հարցերը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ: Անկասկած է, որ այդ հարցն այլևս չի կարող լինել Հայաստանի տիրույթում, և ոչ միայն այն պատճառով, որ Արցախը հայաթափվել է, այլ նաև այն, որ Երևանը պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս: Հետևաբար, Երևանը չի կարող քննարկել Ադրբեջանի «տարածքում» որևէ երրորդ երկրի զինված ներկայության հարց: