ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 21 հազար 593-ը տեղավորվել են Կոտայքի մարզում
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 անձանցից 75 հազար 472-ը տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում: Մարզերում ամենամեծ թվով բռնի տեղահանվածներ տեղավորվել են Կոտայքի մարզում՝ 21 հազար 593: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Բոլոր ուղղություններով համակողմանի աշխատանք է տարվում:
«Ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632: Հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը կազմում է շուրջ 99 տոկոս: Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից հավաքագրվում են տվյալներ, փորձում համադրել՝ բացառելով կրկնօրինակ ցուցանիշները»,-ասաց Բաղդասարյանը:
Ժամանած անձանցից շուրջ 75 տոկոսը՝ 75 հազար 472-ը, տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում:
«Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտն՝ 3967, Արարատում՝ 18 հազար 212, Արմավիրում՝ 8044, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում՝ 4107, Կոտայքում՝ 21 հազար 593, Շիրակում՝ 3707, Սյունիքում՝ 5444, Վայոց Ձորում՝ 2134, Տավուշում՝ 3139»,- տեղեկացրեց Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: