Մարտունու ոստիկանները բացահայտել են նոր ու հին գողություններ․ 56-ամյա տղամարդու «գոստրոլները» ավարտվեցին
Սեպտեմբերի 29-ին ժամը 22.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մի բնակչից. Նա հայտնել է, որ մոտ մեկ ժամ առաջ, երբ ինքը տանը է եղել, նկատել է, թե ինչպես է մեկը փորձում պատուհանով մտնել տուն, սակայն իրեն նկատելով դիմել է փախուստի:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ անհայտ անձը, այնուամենայնիվ, պատշգամբով մտել է տուն, քանդել ննջարանի անկողինը, սակայն ոչինչ նչի գտել եւ ձեռնունայն փախել է պատուհանով:
Պարզվել է նաեւ, որ կա տեսահսկող սարքի տեսագրությունը: Մարտունու ոստիկաններն արագ պարզել են, որ գողության եկածը նույն գյուղի բնակիչ 56-ամյա մի տղամարդ է:
Ահազանգից 50 րոպե անց տղամարդը հայտնաբերվել է իր տանը, նա ձերբակալվել է, տեղափոխվել բաժին, որտեղ էլ անհերքելի ապացույցների ներքո խոստովանել է արարքը: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սեպտեմբերի 30-ին ստացվել է նոր ահազանգ, այս անգամ Վաղաշեն գյուղի բնակիչը հայտնում էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում պատուհանը բացել ու գողություն են կատարելնույն գյուղում գտնվող իր ազգականի չբնակցված տնից:
Ոստիկանները պարզել են, որ այդ տնից գողացել են էլեկտրական գործիքներ, խմիչք, սպիտակեղեն ու սպասք: Պարզվել է, որ այս դեպքում եւս գործել է նույն 56-ամյա տղամարդը ու գողոնը թաքցրել իր տանը:
Սա էլ դեռ վերջը չէր. Պարզվել է, որ սեպտեմբերի 28-ի երեկոյան օգտվելով Մարտունի քաղաքում գտնվող հյուրանոցային համալիրի պահակակետում մարդ չլինելու հանգամանքից պատուհանով մտել ու գողացել է բենզասղոց, նվագարկիչ ու ձեռքի ինքնաթափ: Սեպտեմբերի 27-ին նա իր հանցավոր գործունեությունը ծավալել էր դարձյան հայրենի գյուղում: Չգործող ռեստորանի պատուհանը բացել ու գողացել էր նվագարկիչ , սրբապատկեր, նարդի, պոկեր խաղալու պարագաներ, որոնք ճամպրուկով տեղափոխել էր իր տուն:
Սեպտեմբերի 25-ին, երեպոյան ժամը 11-ին, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, նա մտել էր մեկ այլ համագյուղացու բնակարան ու գողացել օծանելիք եւ զինվորական հագուստ:
Դրանից էլ առաջ սեպտեմբերի 12-ին Մարտունի քաղաքի շենքերից մեկի բակից էլ գողացել էր հեծանիվ:
56-ամյա տղամարդու տան խուզարկությամբ այս բոլոր գործերով գողոնը հայտնաբերվել է: