Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն Արցախի
Իսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամները հոկտեմբերի 5-ին հավաքվել են Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Արցախի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգային անհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։
Հանրահավաքը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ժամանակ։
Ցույցի կազմակերպիչներից Տիրան Կիլիկյանը ներկայացրել է ցուցարարների պահանջները և կարևորել Ադրբեջանի կողմից իր ցեղասպան քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու կոչը։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համակարգող Գասպար Կարապետյանն ընդգծել է հայկական միասնության կարևորությունը՝ ի պաշտպանություն Արցախի։ Պարոն Կարապետյանը կոչ արեց հայ համայնքին միասնաբար բռունցք դառնալ հանուն Արցախի:
Գրանադայի հավաքը ուղերձ է հղում եվրոպական ղեկավարությանը` պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական շարունակվող ցեղասպանական քաղաքականության դեմ: