Բորենի ու չմարդ․ ՀՐԱՊԱՐԱԿ
Մի բուռ հող ուտեինք, մեռնեինք, լավ էր, քան ականատես լինեինք այս ծանր տեսարաններին, թե ինչպես են վայրենի, բարբարոս, մարդակեր ու մարդատյաց ազերիները հրճվում մեր Արցախի հերոսներին, Արցախի նախագահներին նվաստացնելուց: Մեր բախտը չի բերել ոչ միայն մեր իշխանությունների, այլեւ հակառակորդների հարցում` ինչքան ճղճիմ, դաժան ու չմարդ հակառակորդ է մեզ բաժին ընկել, որը ոչ միայն մեր հայրենի հողը գրավեց, մեր 5 հազար զավակների կյանքի թելը կտրեց, մեր ազգային արժանապատվությունը տրորեց, այլ նաեւ տարեց, վաստակ ունեցող, մեր կողմից հարգված մարդկանց գերի վերցրեց: Եվ հիմա միջնադարյան ցեղի նման վանդակն է դրել, ցուցադրում է ու հրճվում:
Բորենիների ոհմակի մեջ հայտնված միայնակ մարդուն նվաստացնելն ու նկարահանելն ի՞նչ մի բարդ բան է, ի՞նչ հպարտանալու բան կա այդ տեսարանների մեջ: Ինչքա՜ն պետք է մարդը` պետության ղեկավարը, նրա ստորադասները, որոնք իբրեւ թե պաշտոն են զբաղեցնում, մարդու նման հագնվում, մեկնում եվրոպաներ, մասնակցում տարբեր սեմինարների ու խորհրդակցությունների, որոնց պետությունն անդամակցում է տարբեր քաղաքակիրթ կառույցների, միացել է տարբեր կոնվենցիաների, մնացած լինի լավագույն դեպքում Չինգիզ խանի ժամանակների արյունարբու հրեշների մակարդակին` նվազաչափ չզարգանալով: Հաղթել եք, գրավել եք, կոտորել եք, վտարել եք ժողովրդին պապենական հողերից, նրանց ղեկավարներին ինչո՞ւ եք գերի վերցրել: Ինչո՞ւ եք ասկյարների կողմից գլուխները կռացրած, նվաստացնելով տեղափոխում, նկարահանում, ցուցադրում: Դրանից ի՞նչ հաճույք եք ստանում, այ բորենիներ: Իրականում նպատակը պարզ է` հային վերջնականապես ոչնչացնելու, նրա ոգին կոտրելու համար է դա արվում, որ իրենց դարավոր վրեժը հանեն հայ աշխատավոր, համեստ ու հումանիստ տեսակից: