Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԼՂ-ում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը
Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով ԼՂ-ում էթնիկ զտումների հարցը:
Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ խոսել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։
«Ինչպես բոլոր հանդիպումներում, ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու այն պայմանները, որոնք ստիպել են հայերին լքել ԼՂ-ն։ Քննարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը»,-հայտնել է Միրզոյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացի: