ՀՅԴ Հայաստանի կառույցները լուծել են ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները
ՀՅԴ Հայաստանի կառույցները՝ Հայ Օգնության Միությունը, «Թևանիկ» հասարակական կազմակերպությունն, անհատ քաղաքացիների օժանդակությամբ, լծվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության գործին։
Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների կուսակցական գրաենյակները վերածվել են աջակցության կենտրոնների, որտեղ ոչ միայն կուսակցականների, այլև մեր քաղաքացիների աջակցությամբ և օժանդակությամբ կենտրոնացվում և բաշխվում են հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, հիգենայի և անկողնային պարագաներ, սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ։
«Այս պահի դրությամբ լուծվել է մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները։
Արցախահայ հայրենակիցների օժանդակությանն ուղղված աշխատանքները չեն դադարում նաև այս պահին։
Բարեսիրական նպատակներով 1909 թ հիմնադրված ՀՅԴ քույր կառույց Հայ օգնության միությունը բռնի տեղահանված արցախահայերի կարիքները հոգալու նպատակով արդեն սկսել է համահայկական դրամահավաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ դրամահավաքի և ծրագրի իրագործման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։