Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի գործակալությունները ակտիվ կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցիչ և գրասենյակի ղեկավար Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, փոխվարչապետ Խաչատրյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և հրապարակված մամուլի հաղորդագրության առնչությամբ՝ ընդգծելով, որ դրա ձևաչափը և բովանդակությունը չէին համապատասխանում հայկական կողմի ակնկալիքներին ՄԱԿ միջգերատեսչական փաստահավաք առաքելության գործուղման վերաբերյալ: Ընդգծվել է, որ նման ուշացած այցը կարող էր միայն արձանագրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության հետևանքները։
Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ներկայացվել են առավել խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների, բուժառուների առողջական, սոցիալական, հոգեբանական և այլ կարիքները՝ հույս հայտնելով, որ դրանց արձագանքելու գործընթացում ՄԱԿ-ի գործակալությունները ակտիվ ներգրավվածություն կցուցաբերեն: