Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոխվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխությունների է ենթարկվել ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց այն բանից հետո, երբ Ղարաբաղի կարգավիճակը որոշվեց Ադրբեջանի կազմում»,- ասել է Պուտինը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 5-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ: