Գրանադայում ընդունվել է հռչակագիր, որով Արցախում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն
Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։
Հռչակագրի տեքստը հրապարակել է ԵՄ խորհուրդը։
Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։
«Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա», - ասված է հայտարարությունում։
«Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները», - նշված է քառակողմ հայտարարությունում։
«Նրանք կոչ արեցին ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - նշված է հայտարարությունում։
«Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար», - ասված է քառակողմ փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։