Սինգապուրում մեքենա ունենալու արտոնագրի գինը հասել է 106 000 դոլարի․ պետությունը մարդկանց խրախուսում է օգտվել հանրային տրանսպորտից
Սինգապուրում ընտանեկան մեծ մեքենա գնելու համար վկայագիր ձեռք բերելու գինը կտրուկ աճել է՝ հասնելով ռեկորդային 146 002 սինգապուրյան դոլարի (106 619 ԱՄՆ դոլար)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Քաղաք-պետությունը 1990 թվականին ներդրեց 10-ամյա իրավունքի վկայագրի (COE) համակարգը՝ որպես խցանումների դեմ պայքարի միջոց: Սինգապուրում մեքենա գնելու համար նման վկայագիր ունենալը պարտադիր է։ Այդ վկայագրերը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ վաճառվում են աճուրդում, իսկ կառավարությունը վերահսկում է դրանց քանակը։
BBC-ն նշում է, որ նոր ստանդարտ Toyota Camry Hybrid-ը Սինգապուրում արժե 250 000 սինգապուրյան դոլար, որը ներառում է վկայագրի արժեքը և հարկերը։ Դա շուրջ 6 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում։
Կախված մեքենայի չափից՝ վկայագրերի արժեքը կարող է տարբեր լինել։ Դրանց գինը մի քանի ամիս է՝ բարձրանում է։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի համավարակից հետո պահանջարկի ավելացմամբ և 2024 թ․-ին կառավարության կողմից վկայագրի զեղչերի կրճատմամբ։
Վկայագրի ամենացածր արժեքը 104 000 սինգապուրյան դոլար է (76 000 ԱՄՆ դոլար)․ 2020 թ․-ից ի վեր այս թիվը գրեթե եռապատկվել է։
Չնայած Սինգապուրը բավական փոքր է, սակայն այն հաճախ հայտնվում է վարկանիշային աղյուսակներում՝ որպես ամենամեծ թվով միլիոնատերեր ունեցող պետությունը։ Սակայն սովորական սինգապուրցիները, որոնց միջին աշխատավարձը 70 000 սինգապուրյան դոլար է, դժվարությամբ կարող են իրենց թույլ տալ մեքենայի սեփականատեր դառնալ։
Կառավարությունը բնակիչներին խրախուսում է օգտվել հանրային տրանսպորտից, որն աշխարհում լավագույններից մեկն է համարվում։ 2022 թ․-ին հայտարարվել է առաջիկա տասնամյակի ընթացքում երկրի երկաթգծային ցանցի ընդլայնմանն ու նորացմանն ավելի քան 60 միլիարդ սինգապուրյան դոլար հատկացնելու մասին։
2022 թ․-ի տվյալներով՝ 5,5 միլիոն բնակչություն ունեցող քաղաք-պետությունում 1 միլիոնից պակաս մեքենա կա։