Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար. Արշակ Կարապետյան
ՀՀ նախկին ՊՆ նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության հետևանքն են։ Նա նաև ընդգծել է, որ հեռացվել է ՊՆ նախարարի պաշտոնից, քանի որ ինքը հրաման է տվել կրակ բացել պետական սահմանի խախտման դեպքում։
«Ես նկատի ունեմ դավաճանությունը, որը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։ Ինձ հավաստի աղբյուրներից հայտնի է նաև, որ հենց Նիկոլ Փաշինյանն է դիմել ադրբեջանական ղեկավարությանը՝ խնդրելով առևանգել հայ ազգի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ անցնել ՀՀ սահմանը »,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ եթե ոչ այսօր, ապա վաղը թշնամին նորից կանցնի հարձակման՝ նրա նպատակն է գրավել Հայաստանը։
«Այս համատեքստում ես հայտարարում եմ, որ, առաջին՝ քաղաքական գործունեություն եմ սկսում։ Երկրորդ՝ տեղծել քաղաքական շարժում, որի նպատակն է Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելը, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝ ստեղծել ապահով, անվտանգ համակարգ Հայաստանի պետության պահպանման և զարգացման համար»,- եզրափակել է նա։