Հավելյալ աշխատանքներ է պետք անել, որպեսզի ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչև 2036 թվական. Գնել Սանոսյան (տեսանյութ)
Որքան էլ ատոմակայանը շատ բարդ ենթակառուցվածք է, բայց ատոմակայանների հետ կապված գործընթացները բավականին պարզ ու հստակ են: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ հստակ կան չափորոշիչներ, կա կայան: «Այս պահին մեր ատոմակայանը ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2011 թվական աշխատելու լիցենզիա, և վերջերս կառավարությունը ընդունեց ևս մեկ որոշում, թե ինչ հավելյալ աշխատանքներ է պետք անել, որպեսզի ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչև 2036 թվական»,- ասաց նա:
Գնել Սանոսյանն ասաց, որ հսկայական աշխատանք է տարվել և հին գրեթե ոչինչ չի մնացել: «Ես մեկ-մեկ ասում եմ՝ մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից»,-ասաց նա և կարևորեց փորձառու աշխատողների դերը: