Սանոսյանն Արարատի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել. քննակվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանում ևս մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Հայտնում են ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջում:
Քննակվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քազաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը։
Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում, նախարարը հանձնարարել է, որ համայնքապետերը լինեն առավել զգոն և ուշադիր, ամենօրյա ռեժիմով իրականացնեն կարիքների գնահատում, որպեսզի որևէ մեկը ուշադրությունից դուրս չմնա։
Նախարարը հանձնարարել է դպրոցահասակ երեխաներին հնարավորինս արագ ապահովել գրենական պիտույքներով, որպեսզի նրանք սկսեն հաճախել դպրոց։
Հաշվի առնելով այն փաստը, որ մարզում հյուրանոցային տնտեսություններ գրեթե չկան, և որոշակի թվով բռնի տեղահանվածներ տեղավորվել են կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում, նախարարը հանձնարարել է այդ ընտանիքների համար գտնել բնակելի տներ, որտեղ ապրելու համար կլինեն բավարար պայմաններ։
Հաշվի առնելով աշխատանքի ծավալը, նախարարը հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, աշխատանքներում ներգրավվել կամավորների։
Նախարարը հանձնարարել է նաև բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ պարբերաբար իրազեկել կառավարության աջակցության ծրագրերի մասին, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները լինեն տեղեկացված և դուրս չմնան աջակցության ծրագրերից։
Խորհրդակցության ժամանակ տրվել են մի շարք այլ հանձնարարականներ։
Արարատի մարզում այս պահին տեղավորվել է 15569 քաղաքացի։