Վերջին տասը ամիսներին ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
«Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե ԱՀԿ-ի օգնությամբ աշխարհի համար այս խնդրի տեսանելիությունը ավելի մեծ լիներ, իրականությունը, հիրավի, գուցե այլ պատկեր կունենար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:
Հանս Կլյուգեն վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին: