Ֆրանսիայի հետ կբանակցենք ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ․ Խաչատրյան
«Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու շուրջ»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը․
«ՀՕՊ-ն այսօր մեր ամենակարևոր բացերից ու խնդիրներից է՝ հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Մեզ նոր որակ է պետք, մենք պետք է հաշվի առնենք աշխարհի լավագույն օրինակները, ինչպես նաև մեր բնութագրերը, որ մենք փոքր երկիր ենք, նույնիսկ ռազմավարական տարածքային խորություն չունենք և, ըստ այս ամենի, պետք է կազմակերպենք մեր հակաօդային պաշտպանությունը»,- ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս թեման քննարկվելու է Ֆրանսիայի հետ, սակայն բանակցություններն այլ երկրների հետ ևս չեն բացառվում։
Հարցին, թե զենքը անվճա՞ր կտրամադրվի, թե՞ Հայաստանը պետք է վճարի դրա համար, Խաչատրյանը պատասխանել է՝ զենքը նվեր չի տրվում, Հայաստանը վճարում է ամեն ինչի համար։