Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե ինքդ չես հարգում քո սեփական արժեքները, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է հարգի․ Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Գրանադայում վաղը կայանալիք հանդիպումից հրաժարվելուն, ինչպես նաև Բաքվի հանցագործություններին Արևուտքի ոչ համարժեք արձագանքին։
«Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անուններով կոչել և դատապարտել նախ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, և երկրորդ՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները։
Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատժելի է զգում՝ հրաժարվելով մասնակցել վաղը Իսպանիայի Գրենադայում կայանալիք հնգակողմ ճգնաժամային հանդիպմանը»,- գրել է Մարուքյանը X-ի իր էջում։
Նա նշել է, որ Արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը։ «Մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց մեղմ խոսակցություններից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ նրա կատարած հանցագործությունների համար։ Արևմուտքը վերջապես պետք է հասկանա, որ եթե դու չես հարգում քո արժեքները, չափանիշները և ինքդ քեզ, ինչո՞ւ պետք է դա անի Ադրբեջանը»,- գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք՝ վաղը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, սակայն Բաքուն հրաժարվել է մասնակցել։