Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բաքվի բանտերում երեք տարի հայրենիքից օգնություն սպասող բազմաթիվ ռազմագերիների թիվը Հայաստանի իշխանությունների թողտվության պայմաններում ավելանում է նորերով։ Հիմա կասեք էս խեղճ (հարիֆ) իշխանությունները ինչ մեղք ունեն։
Պարզապես հարցրեք ՀՀ իշխանություններին՝ ի՞նչ են արել, որ ադրբեջանցիներին խանգարեն՝ հայազգի գործիչներին գերի տանել, ի՞նչ են անում Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ հիմա նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահներին ազատելու համար։ ՀՀ ԱԳՆ մեկ անողնաշար հայտարարությո՞ւն։ Երեք տարի առաջ ասում էին գերիները մեզ կներեն, եթե մեկ երկու ամիս ավել մնան գերության մեջ, հիմա քանի տարի Բաքվի բանտերում մնալու համար պետք է ներեն, և արդյո՞ք պետք է ներեն։
Ու մինչ մեր հայրենակիցները գերի են Բաքվի բանտերում, Հայաստանի բանտերում գերի են Արցախի կորստի հետ չհամակերպվող մի քանի տասնյակ քաղաքացիներ։
Սեպտեմբերի 19-ից շուրջ 700 քաղաքացի բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց Ոստիկանության բաժիններ, իսկ շուրջ 5 տասնյակ քաղաքացիների նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։ Թե ինչ բռնությամբ էին մարդիկ բերման ենթարկվում, շատերդ տեսել եք բազմաթիվ տեսաձայնագրություններում, թե ինչ բավականություն էին ստանում կարմիր, սև և մնացած գույների բերետավորները բռնություն գործադրելիս դա էլ նկատած կլինեք, իսկ թե ինչ պատարաստակամությամբ էին դատավորները դակում կալանքի միջնորդությունները, թույլ տվեք ես ձեզ ներկայացնեմ։ Այս պահին սահմանափակված է 43 անձի ազատություն, նրանց կեսի հետ տեսակցությունը սահմանափակված է։ Օրինակ՝ սահմանափակված է Աբովյանի քրեակատարողականում գտնվող անչափահասի հետ տեսակցությունը, սահմանափակված է Արցախցի բազմաթիվ երիտասարդների հետ տեսակցությունը, ում ծնողները բռնի տեղահանվածների շարքերում հասել են Հայաստան, բայց չեն հասնում իրենց զավակներին։ Բա գերի չեն, ինչ են։
Ի վերջո գերի է մի ողջ ժողովուրդ՝ Հայաստանում, ես ուզում էի ասել նաև Արցախում, բայց ավաղ դա արդեն այլ իրականությունում է: Գերի է մեկ մարդու, ում գլխում կատարվողը միայն իրեն է հայտնի ու իրեն թելադրողներին: Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է»։