Թաիլանդի վարչապետը խոստացել է «կանխիչ միջոցներ» ձեռնարկել Բանգկոկի առեւտրի կենտրոնում հրաձգությունից հետո
Թաիլանդի վարչապետը խոստացել է «կանխիչ միջոցներ» ձեռնարկել Բանգկոկի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետեւանքով զոհվել է երկու մարդ, տեղեկացրել է AFP-ն։
Siam Paragon առեւտրի կենտրոնը բացվեց հրաձգությունից 24 ժամ հետո, սա Թաիլանդում հրազենի կիրառման երրորդ դեպքն է չորս տարվա ընթացքում։
Վարչապետ Սրետա Տավիսինը վստահություն է հայտնել, որ Siam Paragon-ը եւ կառավարության պաշտոնյաները հնարավոր ամեն բան արել են, որպեսզի նվազագույնի հասցնեն զոհերի թիվն ու վնասը։ «Մենք գերակա ուշադրություն կհատկացնենք կանխիչ միջոցներին»,- ավելացրել է նա՝ մանրամասների մեջ չխորանալով։
Ոստիկանությունը 14-ամյա կասկածյալին միտումնավոր սպանության, սպանության փորձի, զենք կրելու եւ հանրային վայրում հրազենով հրաձգություն իրականացնելու մեղադրանք է ներկայացրել։
Ոստիկանության գեներալ-մայոր Նակարին Սուկոնտավիտը տեղեկացրել է, որ դեռահասը՝ մասնավոր դպրոցի (որը մի քանի մետր է հեռու Siam Paragon-ից) աշակերտը հոգեբուժական զննման է ենթարկվում։
Քննիչները հայտարարել են, որ նա բուժում է ստացել հոգեբուժական հիվանդության դեմ, բայց դադարեցրել է դեղերն ընդունելը եւ հայտնել է, որ լսել է ձայներ, որոնք իրեն հրամայել են կրակել մարդկանց վրա։