Թուրքիայի ամբողջ տարածքում «հակահաբեկչական» գործողություններ են իրականացվում
Թուրքիայի ամբողջ տարածքում այս վաղ առավոտից 466 «հակաահաբեկչական գործողություն» է իրականացվել՝ անվտանգության ուժերի 13,440 անդամի մասնակցությամբ։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Հերոս» գործողության շրջանակում Թուրքիայի Մերսին, Վան, Շանլըուրֆա, Մարդին և Այդին նահանգներում ձերբակալվել է անջատողական ահաբեկչական կազմակերպությունում ներգրավված 12 կասկածյալ։ Խոսքը PKK-ի մասին է։
Հաղորդվում է, որ «ահաբեկչության մեջ կասկածվող» 55 մարդ էլ ձերբակալվել է 16 նահանգներում, այդ թվում՝ Մարդինում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Գազիանթեփում, Մերսինում, Շըրնաքում, Ստամբուլում, Բուրսաում, Բաթմանում, Դենիզլիում, Ադանայում, Կայսերիում, Անթալիայում, Կոնիայում, Իսպարտայում և Քոջաելիում իրականացված գործողությունների ընթացքում։
Ըստ վերջին տվյալների՝ շուրջ 900 մարդ է ձերբակալվել։ Հիշեցնենք, որ օրերս Անկարայում ՆԳՆ շենքի մոտ պայթյուն էր տեղի ունեցել։ Թուրքիան հայտնել էր, որ երկու անձ է մոտեցել դարպասներին և պայթյուն իրականացրել․ մեկն իրեն էր պայթեցրել, մյուսը՝ սպանվել գլխին ստացած գնդակից։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների ցուցակում ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):